ԿԳՄՍ նախարարության գործելաոճի մասին հասարակության լայն շրջանակները տեղյակ են վաղուց. ինչ իրավիճակ էլ լինի, այս նախարարությունն «իրեն չի կորցնում»: Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո այս նախարարությունը քնից արթնացել է և կազմակերպում է 2019-2020 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը՝ մի շարք առարկաներից: Հիմա է պարզ դառնում, թե ժամանակին ինչու էին որոշ առարկաներ խանգարում իրենց:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին հրաման է ստորագրել և հաստատել առարկայական օլիմպիադաների մասնակիցների ցուցակը, անցկացման վայրն ու ժամկետները. նոյեմբերի 22-29-ին են անցկացվելու դրանք` ստեղծված ցասումնային իրավիճակում:
Անդրադառնամ «Հայոց եկեղեցու պատմության» օլիմպիադային: Վստահ կարող եմ ասել, որ իրենց ծրագրի իրագործումը հաջողվում է մեր լռելու արդյունքում: Այո, նախարարությունը լռեցնելու վարպետ է, որովհետև ոմանց կռապաշտությունը չի վերացել մեր երկրից: ՈՒ դա վտանգավոր է: ՀԵՊ առարկայի օլիմպիադայի անցկացումից առաջ պետք է նախ մտածել այն հոգևոր և մշակութային ժառանգության մասին, որը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ: Նախարարության գործելաոճը հավասար է անտարբերության:
Այսօր ես ձեռնպահ կմնամ կոշտ ձևակերպումներից, բայց պետք է փաստենք, որ իրենց գործն անում են: Ճակատագրի խաչմերուկում պետք է գիտակցել աղետի ողջ լրջությունն ու կանգ առնել, որպեսզի վայ-վերնախավի ծրագրած հոգևոր ավերը ձախողվի: Անորոշության մեջ գտնվող աշակերտներին չպե՛տք է այս ծանր օրերին թեստ տալ և ասել՝ լուծե՛ք, օլիմպիադա է, շատ միավոր հավաքեք, մի դիպլոմ-բան կտանք:
Մտածելու, ճիշտ քայլեր անելու ժամանակն անցնում է: Սթափ գնահատականներ պետք է հնչեն:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ